Ուսուցողական դասընթաց «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասնակիցների համար

Ուսուցողական դասընթաց «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասնակիցների համար

Beeline-ը կազմակերպեց մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կողմից կազմակերպված «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարներն օգտագործելով թվային տեխնոլոգիաները։

Դասընթացի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղական և միջազգային փորձագետները հանդես եկան ելույթներով թվային տեխնոլոգիաների, նորարարության և ձեռնարկատիրության վերաբերյալ: Թվային տեխնոլոգիաների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Դասընթացի ընթացքում մրցույթում գրանցված 50 թիմերի ավելի քան 120 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու և կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:

«Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան փուլը շարունակվում է, և մենք ուրախ ենք այստեղ տեսնել նորարարական թարմ գաղափարներ ունեցող այսքան մեծ թվով երիտասարդներ: Այսօրվա դասընթացը ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարելագործելու իրենց գաղափարները, այլ նաև փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար: Ես ինքս մեծ բավականություն ստացա ներկայացման ընթացքում մասնակիցների հետ շփումից, և կարող եմ վստահությամբ նշել, որ մրցույթի շնորհիվ մեզ հաջողվել է նույն հարկի տակ հավաքել այն երիտասարդներին, ում ձեռքերում է գտնվում բջջային տեխնոլոգիաների զարգացման ապագան Հայաստանում և ամբողջ աշխարհում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է eurasiamobilechallenge.com կայքում: «Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և HIVE-ը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 30-ը:

Apps Beeline Eurasia Mobile Challenge