Beeline. Eurasia Mobile Challenge` 20 000 դոլար շահելու հնարավորություն

Beeline. Eurasia Mobile Challenge` 20 000 դոլար շահելու հնարավորություն

Beeline-ը շարունակում է մասնակիցների գրանցումը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում անցկացվող «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար։

Մրցույթի նպատակն է ողջ Եվրասիայից ներգրավել երիտասարդներ բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը ստեղծելու համար: Հայաստանից ծրագրին մասնակցողները պետք է ստեղծեն նորարարական հավելված կամ համակարգ բջջային տեխնոլոգիաների ոլորտում, որը հնարավորություն կտա հաղթահարել որևէ խնդիր, որի հետ հաճախ են բախվում օգտատերերն իրենց երկրում։  

1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձիք: Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է eurasiamobilechallenge.com կայքում: «Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և HIVE-ը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:

«Մշտապես հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` ծառայությունները կատարելագործելու նպատակով: «Eurasia Mobile Challenge» մրցույթի շնորհիվ մենք այս գործընթացում կներգրավենք նաև տաղանդավոր երիտասարդների ողջ Հայաստանից, ովքեր բացառիկ հնարավորություն կունենան սեփական նորարարական գաղափարները ներկայացնելու միջազգային հարթակում և կյանքի կոչելու դրանք: Վստահ եմ, որ մրցույթի շրջանակում հայ երիտասարդները կներկայացնեն հետաքրքիր և հեռանկարային գաղափարներ, որոնք  մրցունակ կլինեն գլոբալ շուկայում և կդառնան նոր խոսք բջջային տեխնոլոգիաների ոլորտում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տեղական փուլի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող մրցակիցների հետ: Այնուհետև մշակված բջջային լուծումները կներկայացվեն հոկտեմբերի կեսին մեկնարկող Bootcamp տեղական ծրագրերին:  

Մասնակիցների աշխատանքները կգնահատվեն ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Դասընթացներից հետո յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակիչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

Apps Beeline Eurasia Mobile Challenge