Հայերեն բջջային հավելվածների շուկան զարգացման լուրջ ներուժ ունի

Հայերեն բջջային հավելվածների շուկան զարգացման լուրջ ներուժ ունի

Հայաստանում բջջային հավելվածների և բովանդակության զարգացման, բջջային ծրագրավորման ներկայիս իրավիճակը, զարգացման ուղղությունները, ինչպես նաև բջջային նոր նախագծերի կառավարման հարցերը քննարկելու նպատակով Երևանում նոյեմբերի 22-ին անցկացվում է «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» համաժողովը։

Ելույթ ունենալով համաժողովին՝ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ Հայաստանում բավական տարածված են թանկարժեք և հայտնի ապրանքանիշերի սմարթֆոնները, նույնիսկ ավելի շատ, քան, օրինակ՝ Ռուսաստանում։ Թանկարժեք հեռախոս ունեցող բաժանորդների թիվը ընդհանուր շարժական հեռախոսակապի բազայում կազմում է մոտ 20%։ Մյուս կողմից՝ առկա է բաժանորդների զգալի մի զանգված, որը երբեք չի օգտվում շարժական ինտերնետից։

Ըստ Պյատախինի՝ այդ բաժանորդները թանկարժեք և հայտնի ապրանքանիշերի սմարթֆոնները պահում են միայն ցուցադրելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում բջջային բովանդակության սեգմենտում առկա է զարգացման բավական լուրջ ներուժ։ Հեռանկարային այս շուկայի զարգացումը կարևոր է ինչպես վերջնական սպառողի, այնպես էլ ողջ տնտեսության համար։

Պյատախինը նկատեց, որ ներկայում բավական քիչ են հայերենով բջջային հավելվածները։ Լուրջ պահանջարկ կարող են ունենալ, օրինակ, հայերենի ուսուցման կամ խցանումների մասին տեղեկացնող հավելվածները։ Ըստ նրա՝ աշխարհում ամենատարածված հավելվածները խաղերն են։ Երկրորդ տեղում եղանակի տեսության մասին հավելվածներն են, երրորդում՝ GPS նավիգատորները։

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նույնպես լուրջ ներուժ է տեսնում հայերեն բջջային հավելվածների շուկայում։ Ըստ նրա՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական զարգացած է, բայց հայկական ընկերություններն աշխատում են հիմնականում օտարերկրյա ընկերությունների հետ աութսորսով (այլ ընկերությունների արտադրական գործառույթների մի մասի սպասարկում)։ «Կարծում եմ որ այդ ընկերությունների մի մասը կարող է իր ներուժն ուղղել Հայաստանի ներքին սպառողի պահանջարկի բավարարմանը»,- ասաց Բարսեղյանը։

Ըստ «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանի՝ ծրագրավորողների և բիզնեսի, կրթության և հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների համատեղ քննարկումները կվերածվեն սերտ համագործակցության և կնպաստեն Հայաստանում բջջային բովանդակության զարգացմանը։

AppCON 2013 համաժողովի կազմակերպիչը «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» hիմնադրամն է՝ «ԱրմենՏել» ընկերության (Beeline) աջակցությամբ:

Աղբյուր՝ Civilnet.am

Beeline AppCon Անդրեյ Պյատախին Microsoft Գրիգոր Բարսեղյան